Սյունակաձև դիագրամ

Սյունակաձև դիագրամ կամ սյունակաձև գծապատկեր (անգլ.՝ bar chart կամ bar graph), գծապատկերի կամ գրաֆիկի տեսակ, որը ներկայացնում է կատեգորիական տվյալներ ուղղանկյուն սյուներով, որոնց բարձրությունը կամ երկարությունը համեմատական է իրենց ներկայացրած արժեքներին։ Սյուները կարող են տեղադրվել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական։ Ուղղահայաց սյունակաձև դիագրամը համարվում է գծապատկերների նախատիպը[1]։
Սյունակաձև գծապատկերը ցույց է տալիս համեմատություններ առանձին կատեգորիաների միջև։ Գծապատկերի մի առանցքը ցույց է տալիս համեմատվող հատուկ կատեգորիաները, իսկ մյուս առանցքը ներկայացնում է չափված արժեքը։ Որոշ սյունակաձև գծապատկերներ ներկայացնում են սյուներ, որոնք դասավորված են խմբերով կամ դրված են մեկը մյուսի վրա, ինչը թույլ է տալիս ցուցադրել մեկից ավելի չափված փոփոխականների արժեքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ բազմաթիվ աղբյուրների՝ Ուիլյամ Փլեյֆեյրը (1759–1824) համարվում է սյունակաձև դիագրամի գյուտարարը։ Նրա «Առևտրային և քաղաքական ատլաս» աշխատության մեջ տեղ գտած «Շոտլանդիայի տարբեր շրջաններ արտահանումն ու ներմուծումը մեկ տարում` 1780 թվականի Սուրբ Ծնունդից մինչև 1781 թվականի Սուրբ Ծնունդ» գրաֆիկը համարվում է պատմության մեջ առաջին սյունակաձև դիագրամը։ Սակայն, մոտ 300 տարի առաջ «Ձևերի լայնությունը» (անգլ.՝ The Latitude of Forms) աշխատության մեջ (որը վերագրվում է Յակոբուս դե Սանկտո Մարտինոյին կամ, հնարավոր է, Նիկոլ Օրեսմին)[2] հրատարակված՝ ժամանակի ընթացքում անընդհատ արագացող մարմնի արագության դիագրամները կարող են մեկնաբանվել որպես «պրոտո-սյունակաձև դիագրամներ»[3][4]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղղահայաց շարված սյունակաձև դիագրամ՝ դրական արժեքներով
- Ուղղահայաց շարված սյունակաձև դիագրամ՝ բացասական արժեքներով
- Հորիզոնական շարված սյունակաձև դիագրամ
- Ուղղահայաց խմբավորված (կլաստերային) 3D սյունակաձև դիագրամ
Սյունակաձև դիագրամները կամ գծապատկերները կատեգորիական տվյալների վիզուալ ներկայացում են[5]։ Կատեգորիական տվյալները տվյալների խմբավորումն է առանձին խմբերի, օրինակ՝ տարվա ամիսներ, տարիքային խմբեր, կոշիկի չափսեր և կենդանիներ։ Այս կատեգորիաները սովորաբար որակական են։ Ուղղահայաց սյունակաձև դիագրամում կատեգորիաները տեղադրվում են հորիզոնական առանցքի վրա, իսկ սյունակի բարձրությունը համապատասխանում է յուրաքանչյուր կատեգորիայի արժեքին։
Սյունակաձև դիագրամներն ունեն կատեգորիաների ընդհատ դոմեն (անգլ.՝ discrete domain) և սովորաբար մասշտաբավորվում են այնպես, որ բոլոր տվյալները տեղավորվեն գծապատկերի վրա։ Երբ համեմատվող կատեգորիաները բնական դասավորություն չունեն, սյուները կարող են դասավորվել ցանկացած հերթականությամբ։ Սյունակաձև դիագրամները, որոնք դասավորված են արժեքի ամենաբարձրից ամենացածր նվազման կարգով, կոչվում են Պարետոյի դիագրամներ։
Խմբավորված և կուտակային սյունակաձև դիագրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունակաձև դիագրամները կարող են օգտագործվել նաև տվյալների ավելի բարդ համեմատությունների համար՝ խմբավորված (կամ կլաստերացված) և կուտակային սյունակաձև դիագրամների միջոցով[5]։
Խմբավորված դիագրամներում յուրաքանչյուր կատեգորիայի համար կան երկու կամ ավելի սյուներ, որոնք տարբեր գույներով ներկայացնում են կոնկրետ խմբավորումը։ Օրինակ՝ երկու խանութ ունեցող ձեռնարկատերը կարող է ստեղծել խմբավորված դիագրամ՝ տարբեր գույների սյուներով, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր խանութը։ Այս դեպքում հորիզոնական առանցքը կցուցադրի տարվա ամիսները, իսկ ուղղահայաց առանցքը՝ եկամուտը։
Կուտակային սյունակաձև դիագրամներում (որոնք նաև հայտնի են որպես բաղադրյալ սյունակաձև դիագրամներ) սյուները դասավորվում են մեկը մյուսի վրա, որպեսզի ստացված ընդհանուր բարձրությունը ցույց տա համակցված արդյունքը։ Ի տարբերություն խմբավորված դիագրամների, որտեղ յուրաքանչյուր գործոն ներկայացվում է առանձին սյունով, կուտակային դիագրամները մի քանի տվյալներ ցուցադրում են մեկ սյան մեջ։ Օրինակ՝ դրանք կարող են օգտագործվել ժամանակային շարքերը ցուցադրելու համար՝ միասնական բարձրությամբ, որտեղ ներքին կուտակված գույները ցույց են տալիս տվյալների ենթատեսակի տոկոսային մասնակցությունը։ Մեկ այլ օրինակ է ժամանակային շարքերը, որոնք ցուցադրում են ընդհանուր թվերը, որտեղ ներքին գույները ցույց են տալիս ենթատեսակների մասնակցությունը ընդհանուրին։ Կուտակային սյունակաձև դիագրամները հարմար չեն այն տվյալների համար, որոնք ունեն և՛ դրական, և՛ բացասական արժեքներ։
Խմբավորված սյունակաձև դիագրամները սովորաբար տեղեկատվությունը ներկայացնում են յուրաքանչյուր խմբում նույն հերթականությամբ։ Կուտակային սյունակաձև դիագրամները տեղեկատվությունը ներկայացնում են յուրաքանչյուր սյան վրա նույն հաջորդականությամբ։
Փոփոխական լայնությամբ սյունակաձև դիագրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]
-առանցքի երկայնքով՝ տվյալ երկրի բնակչության թիվը -առանցքի երկայնքով՝ 1990–2018 թվականների մեկ անձի հաշվով 2 արտանետումները, իսկ յուրաքանչյուր ուղղանկյան մակերեսը () ներկայացնում է այդ երկրի ընդհանուր արտանետումները
Փոփոխական լայնությամբ սյունակաձև դիագրամները, որոնք երբեմն կոչվում են նաև «բազմատեսակ» դիագրամներ, սյունակաձև դիագրամներ են՝ ոչ միատեսակ լայնությամբ սյուներով։
Ընդհանուր առմամբ՝
- Յուրաքանչյուր սյունը ուղղանկյուն է, որի մակերեսը ներկայացնում է համապատասխան քանակը։
- Այդ մակերեսները համապատասխան ուղղահայաց առանցքի և հորիզոնական առանցքի քանակների թվաբանական արտադրյալն են։
- Թվաբանորեն՝ յուրաքանչյուր սյան (ուղղանկյան) մակերեսը որոշվում է կողմերի երկարությունների արտադրյալով՝
Ուղղահայաց և հորիզոնական առանցքների դերերը կարող են փոխվել ըստ կիրառության։
Փոփոխական լայնությամբ սյունակաձև դիագրամների օրինակներ կարող եք տեսնել Wikimedia Commons-ում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Microsoft Office PowerPoint
- Վիքիպեդիայում սյունակային դիագրամներ ներառելու համար տե՛ս Extension:EasyTimeline.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reimann, D.; Struwe, M.; Ram, N.; Gaschler, R. (2022). «Typicality effect in data graphs». Visual Communication. 24: 114–128. doi:10.1177/14703572221130445.
- ↑ Clagett, Marshall (1968), Nicole Oresme and the Medieval Geometry of Qualities and Motions, Madison: Univ. of Wisconsin Press, էջեր 85–99, ISBN 0-299-04880-2
- ↑ Beniger, James R.; Robyn, Dorothy L. (1978), «Quantitative Graphics in Statistics: A Brief History», The American Statistician, Taylor & Francis, Ltd., 32 (1): 1–11, doi:10.1080/00031305.1978.10479235, JSTOR 2683467
- ↑ Der, Geoff; Everitt, Brian S. (2014). A Handbook of Statistical Graphics Using SAS ODS. Chapman and Hall - CRC. ISBN 978-1-584-88784-3.
- 1 2 Kelley, W. M.; Donnelly, R. A. (2009) The Humongous Book of Statistics Problems. New York, NY: Alpha Books 1592578659
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյունակաձև դիագրամ» հոդվածին։ |
|