Jump to content

Միջազգային տիեզերական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային տիեզերական իրավունք, տիեզերական տարածության և երկնային մարմինների իրավական ռեժիմը որոշող, դրանց հետազոտման և օգտագործման ընթացքում պետությունների հարաբերությունները կարգավորող սկզբունքների և նորմերի համակցություն է։

Միջազգային տիեզերական իրավունքի սկիզբը դրվել է 1957 թվականի առաջին արհեստական արբանյակի՝ Սպուտնիկ 1-ի արձակումից անմիջապես հետո։ Հետագայում հիմնադրվել են միջազգային տիեզերական իրավունքի ոլորտում համապատասխան իրավասությամբ օժտված միջազգային մարմիններ ու կազմակերպություններ։ ՄԱԿ–ի կողմից ստեղծվել է Տիեզերական տարածության խաղաղ օգտագործման կոմիտեն, Արբանյակային կապի միջազգային կազմակերպությունը։

Միջազգային տիեզերական իրավունքի աղբյուրները միջազգային պայմանագրերն են։ Դրանց թվում է տիեզերական տարածության, ներառյալ Լուսնի և երկնային մարմինների հետազոտման և օգտագործման պետությունների գործունեության սկզբունքների մասին 1967 թվականի Տիեզերքի համաձայնագիրը, տիեզերագնացներին փրկելու, վերադարձման և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձման մասին 1968 թվականի համաձայնագիրը և այլն։

Միջազգային տիեզերական իրավունքի հիմնական սուբյեկտները պետություններն են, քանզի հենց նրանք են իրականացնում տիեզերական գործունեության հիմնական ծավալը։ Երկրորդային սուբյեկտներ են Միջազգային կազմակերպությունները։

Միջազգային տիեզերական իրավունքը չի բացառում ոչ կառավարական կազմակերպությունների կողմից տիեզերական գործունեություն իրականացնելու հնարավորությունը։ Այդ սուբյեկտները գործունեությունը իրականացնում են համապատասխան պետության թույլտվությամբ և մշտական վերահսկողությամբ։

Միջազգային տիեզերական իրավունքը հիմնվում է ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ ՄԱԿ–ի կանոնադրությունը։ Միջազգային տիեզերական իրավունքում ձևավորվել են հետևյալ սկզբունքները՝

  1. տիեզերական տարածության և երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ազատության սկզբունքը
  2. տիեզերական գործունեության համար պետությունների պատասխանատվության սկզբունքը
  3. տիեզերական տարածության և երկնային մարմինների ազգային յուրացման արգելման սկզբունքը
  4. տիեզերական տարածությանը և երկնային մարմիններին վնաս չպատճառելու սկզբունքը։

Պատասխանատվությունը միջազգային տիեզերական իրավունքում Տիեզերքի մասին 1967 թվականի պայմանագրով սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն պետությունը պատասխանատվություն է կրում ամբողջ ազգային գործունեության համար անկախ նրանից՝ այն իրականացվում է կառավարության, թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց կողմից։

Արձակող պետությունը լրիվ և բացարձակ պատասխանատվություն է կրում իր տիեզերական օբյեկտի թռիչքի հետևանքով անձանց կամ գույքին պատճառված վնասի և փոխհատուցման համար։ Եթե վնասը պատճառվել է այլ պետության տիեզերական օբյեկտին, դրանցում գտնվող անձանց կամ գույքին, արձակող պետությունը պատասխանատվություն է կրում միայն իր մեղքի առկայության դեպքում։ Պատասխանատվության հարցը լուծվում է միջպետական մակարդակով, նույնիսկ այն դեպքերում, երբ վնասը պատճառվել է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։

Այլ պետությունների տարածքում հայտնաբերված տիեզերական օբյեկտների և դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է և դրանք ենթակա են գրանցման պետության հաշվին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ. Քոչարյան Միջազգային իրավունք, Երևան 2002 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 709)։